Պաշտոնական․ Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղին առնչվող միջնորդությունը․ Ինչ է կատարվել

ԼՈՒՐԵՐ

Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը և Պամելա Ռենդի-Վագները:

Ինչպես տեղեկանում ենք Ավստրիայի «Հայ դատի» հանձնախմբի ֆեյսբուքյան հայտարարությունից, միջնորդությունն ընդունվել է միաձայն՝ բոլոր խորհրդարանական խմբերի կողմից:

Միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը և Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ,

4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ,

վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!