Եթե ես լինեի ԱԺ պատգամավոր, ես ավելի գլխացավանք էի լինելու այս իշխանությունների համար, որովհետև … Հովհաննես Ազոյան

ԼՈՒՐԵՐ

Հայկ Մարությանի հետ ընկերություն եմ արել հավանաբար 15 տարի, նրան լավ ճանաչում եմ, բնավորության գծերը և ուրախ էի, որ նա սկսել էր քաղաքական, հասարակական գործունեություն: Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է դերասան Հովհաննես Ազոյանը` գնահատելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը:

«Իմ քննադատությունները անձնավորված չեն, երևույթին են ուղղված: Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը շատ աշխատասեր է և դա գնահատում եմ, բայց միայն աշխատասիրությունը քիչ է, այն պետք է ունենա բովանդակություն, հեռահար նպատակներ, դրանց լուծման ձևեր»,-ասել է նա և օրինակ բերել, որ ավտոտնակների հարցը կարելի է հեշտ լուծել:

«Այո՛, սա այն Կառավարությունն է, որին մենք վստահում ենք և սա այն Կառավարությունն է, որից պետք է պահանջենք այնպիսի բաներ, որ մեր կյանքը կդարձնի բարեկեցիկ»,-ասաց նա:

Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքներին Հովհաննես Ազոյանն ասել է, որ սև ու սպիտակից բացի բոլոր գույները բացակայում են Ազգային ժողովից: «Ես այլակարծություն կբերեի խորհրդարան, կարծում եմ` հիմա չկա, եթե կա էլ կուլիսային մակարդակում է: Այլակարծության որակը պետք է բարձր լինի, ոչ թե կռիվ»,-ասել է նա:

Դերասանը նշել է, որ դեռ ունի ցանկություն պատգամավոր դառնալու: «Կարծում եմ, որ օրենսդրական բացեր շատ ունենք և փոփոխություններ են պետք, քանի որ մենք ժառանգել ենք հին Հայաստանի օրենսդրությունը, եթե հեղափոխություն ենք արել չենք կարող հին շորեր հագնել:

Եթե ես լինեի ԱԺ պատգամավոր, ես ավելի գլխացավանք էի լինելու այս իշխանությունների համար, որովհետև հենց ներսից էի պահանջատիրական լինելու»,- ասել է նա և նշել, որ տեսնում է մարդկանց, ովքեր «Իմ քայլը» թիմին վնաս են տալիս, թեև անուններ չնշեց:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!